Օրերս Բելգիայի Մեխելեն քաղաքում օծվեց հայկական խաչքար։ Միջոցառումը բացեց «Արտաշատ» և «Նավասարդ» թերթերի նախկին գլխավոր խմբագիր, «Անի» հայերի միության վարչության անդամ Մարգարիտա Հովհաննիսյանը: «Բարի ավանդույթներով հարուստ, մեր աչքերի առջև օրեցօր ծաղկող, էլ ավելի բարեկարգ ու գեղեցիկ դարձող Մեխելեն քաղաքում այսօր կարևոր ու հիշարժան իրադարձություն է: Մենք դառնում ենք Մեխելենի քաղաքապետարանի աշխատակազմի, անձամբ Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսի՝ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հոգատարության կենդանի վկաներն ու ականատեսները: Տեղի է ունենում հայ ժողովրդի հավերժությունը խորհրդանշող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ քանզի այն կյանքի է կոչվում հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շեմին, բնականաբար, այն նվիրվում է ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի պայծառ հիշատակին: Այս տուֆակերտ, հրաշակերտ խաչքարը բոլորինս է՝ Մեխելենում և շրջակա բնակավայրերում ապրող բոլոր հայերինը: Այդ մասին վկայում է նաև խաչքարի հիմքին պահ տված շշի մեջ ամփոփված սերունդներին ուղղված հուշագիրը: ՈՒրեմն, թող այս խաչքարը դառնա մեր բոլոր հայերի սրբավայրն ու ուխտավայրը: ՈՒ թող հենց այստեղ սկսվեն ու ավարտվեն մեր ազգային ծեսերն ու ավանդույթները՝ դառնալով հայապահպանության շնորհալի գործի իրականացման խոսուն վկաները»,- նշեց Մարգարիտա Հովհաննիսյանը:
Մեխելենում խաչքար տեղադրելու գաղափարի հեղինակն ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող «Անի» հայերի միության վարչությունն է: Սակայն գաղափարն այդպես էլ կմնար թղթի վրա, եթե չլինեին Բելգիայի հանրաճանաչ քաղաքական գործիչ Բարտ Սոմերսի գլխավորած Մեխելենի քաղաքապետարանի աշխատակազմի բարի կամքն ու օգնելու պատրաստակամությունը: Խաչքարի հետ կապված հարցումը գտավ դրական արձագանք: Կատարվեց խաչքարի տեղադրման վայրի հրաշալի ընտրություն: Քաղաքապետի կողմից կազմակերպվեց հայերի բարձրակարգ ընդունելություն, որի ժամանակ տրվեց լիարժեք ինֆորմացիա՝ ընթացող նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, քաղաքապետարանի՝ ազգային փոքրամասնությունների բաժնի պատասխանատու Մարկ Հենդրիքսը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը: Խաչքարի բացման պատիվը տրվեց քաղաքապետ Բարտ Սոմերսին, ազգային փոքրամասնությունների բաժնի պատասխանատու Մարկ Հենդրիքսին, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին, «Անի» հայերի միության նախագահ Էրիկ Ենոքյանին: Խաչքարը օծեց և ներկաներին ոգեկոչման կոչ հղեց Հայ առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի ներկայացուցիչ հոգեշնորհ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Օպերային երգիչ Արամ Գրիգորյանը սրտառուչ երգով ջերմացրեց ներկաների սրտերը: Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել»-ից հուզիչ մի հատված ներկայացրեց շնորհալի ասմունքող Լիլիթ Հովհաննիսյանը: Գրական-երաժշտական մոնտաժով հանդես եկավ Հայ հեղափոխական դաշնակցության Բելգիայի «Արամ Երկանյան» երիտասարդական միությունը, որի անդամներից մեկը՝ Դալար Թոփալաքյանը, ասմունքի համար ընտրել էր մի հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ներկաները կատարեցին մոմավառություն և դրեցին ծաղիկներ, ծաղկեպսակներ:
Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բելգիա